ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նորից՝ ապրիլի 24

Նորից՝ ապրիլի 24
24.04.2019 | 13:54

Այսօր առավոտից բոլոր հայերը մի ճանապարհ ունեն՝ դեպի Ծիծեռնակաբերդ։ Ու անկախ նրանից՝ արև է, թե անձրև, ցուրտ է, թե տաք, այսօր բոլոր հայերը եթե ոչ ոտքով, մտքով ու սրտով անցնում են նույն ճանապարհը՝ դեպի Ծիծեռնակաբերդ։ Ու դա ավանդույթ չէ, դա մեր Գողգոթան է: Իսկ Գողգոթան ոչ միայն Հիսուսի խաչելության վայրն է, այլև՝ հարության։ Կա՞ այդ գիտակցությունը մեր Գողգոթայի պարագայում: Չգիտեմ: Տարիներ առաջ Հայաստան էր եկել Ջեմալ փաշայի թոռը՝ ներկայացնելու իր «Հայոց ցեղասպանություն» գիրքը: Կինո «Մոսկվայում» հանդիպում էր նրա հետ: Տարօրինակ, չափազանց տարօրինակ էր, որ ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք փաշաներից մեկի թոռը՝ Հասան Ջեմալը, Երևանում էր ու խոսում էր իր նախնու դեմ: Բայց այդ օրը հիշողությանս մեջ մեխվեց մի նախադասությամբ. «Մի հարյուրամյակ դուք ապացուցում եք, որ ձեր հողերի վրա ձեզ սպանել են, քրդերը՝ որ ապրում են այդ հողերի վրա»։

Դա դաժանագույն իրականություն էր, որից մենք այդպես էլ խուսափում ենք ընկալման ու հակադարձման մակարդակում։ Մենք ընդհանրապես խուսափում ենք մեր պատմության ընկալումից, որովհետև ընկալման պարագայում պարտավոր ենք գնահատական տալ ոչ միայն օտարներին, այլև՝ մեզ։ Ընկալման պարագայում պարտավոր ենք եզրակացություններ անել ու քայլեր, եթե ուզում ենք իրավիճակ փոխել։ Մենք նույնիսկ դա չգիտենք: 2015-ին՝ ցեղասպանության 100-ամյակին պաշտոնապես ու հանդիսավորապես խոստացվեց համահայկական ուժերով «Թղթածրար» պատրաստել, այն է՝ սահմանել մեր պահանջատիրությունը։ Այդպես էլ չսահմանվեց: Ու պատճառն այն չէ, որ այսօր չկան հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ ու ընդհանրապես՝ հարաբերություններ։ Պատճառն այն չէ, որ խորհրդավոր ու անավարտ «Թղթածրարը» խոչընդոտելու էր այդ չեղած հարաբերությունների լինելուն։ Պատճառը մեկն է՝ մենք պատրաստ չենք այդ խնդրին։ Ու քանի դեռ պատրաստ չենք, սպասում ու ակնկալում ենք, որ այս ու այն պետությունը կառավարության կամ խորհրդարանի մակարդակում կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Թեկուզ բոլոր պետությունները ճանաչեն, կարևորը Թուրքիայի ճանաչումն է, իսկ Անկարան չի ճանաչելու այնքան, քանի դեռ դիմացը հավասար ուժ չի տեսնում։ Քանի դեռ կա ճանաչմանը հաջորդող փոխհատուցման հարցը։ Ու ամեն ապրիլի 24-ի մենք նորից վառելու ենք Թուրքիայի դրոշը և աղոթքով ու խաչերով, դրոշներով բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդ՝ ապահովելու մեր բողոքի ու մեր ընդվզումի ձևը, իսկ բովանդակությունը ո՞վ է ապահովելու։ Ո՞վ, եթե ոչ մենք: Ու՞մ է պետք, եթե ոչ մեզ։ Ո՞վ իրավունք ունի պահանջատիրության, եթե ոչ մենք։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2021-ին լրանում է Կարսի պայմանագրի 100 տարին: Պատմությանը քիչ թե շատ ծանոթ հայերը գիտեն, որ պայմանագիրը կնքված է 100 տարուց հետո վերանայվելու իրավունքով։ 2019-2021-ը ճիշտ այն ժամանակն է, որ ունենք պատասխանելու հարցին՝ իսկ տե՞ր ենք մեր պատմությանն ու մեր երկրին։ 21-րդ դարում այն երկիրն ու պետությու՞նն ենք, որ ի զորու է միջազգային ասպարեզում պաշտպանել իր ինքնիշխանությունն ու իրավունքը։ Իր պատմական հողերը։ Թե չէ գերագույն հիմարություն է այրել Թուրքիայի դրոշը, ուժ ունե՞ս՝ քո դրոշը բարձրացրու քո հողերի վրա, որ թշնամուդ տալու ժամկետը 2 տարուց լրանում է։ Համենայն դեպս՝ 2015-ի ապրիլի 23-ին սրբադասված մեկուկես միլիոն զոհերը դա են պահանջում:

Դիտվել է՝ 4429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ